Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացիական ավիացիայի վարչությունը  (Росавиация) ռուսական ավիաընկերություններին հեռագիր է հղել՝ նախազգուշացնելով Թուրքիա չարթերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:

Թուրքական «Diken» թերթի կայքը, հղում անելով ռուսական «Tass»  լրատվական գործակալությանը, նշում է, որ  նման որոշման պատճառ կարող է դառնալ Թուրքիայում տիրող խառը ներքաղաքական իրավիճակը:

Ռուսաստանի քաղավիացիան ավիաընկերություններից պահանջել է ձեռնարկել համապատասխան միջոցներ չարթերային թռիչքներ ծրագրելիս:

Թուրքական աղբյուրը  հիշեցնում է, որ 2015թ.  նոյմբերի 24-ին Թուրքիայի օդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի ինքնաթիռի խոցումից հետո, Ռուսաստանը դադարեցրել էր չարթերային թռիչքները  դեպի Թուրքիա: Նշյալ արգելքը հանվել է էր 2016թ. օգոստոսի 28-ին, երբ արդեն ռուս-թուրքական լարված հարաբերությունները փոքր-ինչ կարգավորվել էին: