Ինքնաթիռ չգնելու 15 պատճառ

Շատերն են երազում շքեղ ինքնաթիռով թռիչքի մասին: Սակայն, մասնավոր ինքնաթիռ ունենալը կարող է իսկական գլխացավանք լինել և ահա 15 պատճառ, թե ինչու.

Ասում են, որ սահման կարող է լինել միայն երկինքը: Իսկ շքեղ կյանքի և ճանապարհորդությունների դեպքում նույնիսկ երկինքը սահման չէ: Ցամաքում հարուստ մարդիկ ձեռք են բերում սպորտային մեքենաներ, ինչպիսիք են Ferrari, Aston Martin և Mercedes: Ջրի վրա կառուցում են աշխարհում ամենաթանկ արագաստանավերը, էքսկլյուզիվ յախտաները և կրուիզային նավերը: Դե իսկ երկնքում, մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունները եզրափակում են շքեղ ցանկը:

Մասնավոր ինքնաթիռի ձեռքբերում

Առաջին հարցը, որը պետք է ինքներդ Ձեզ տաք վերաբերվում է ինքնաթիռի ձեռք բերման անհրաժեշտությանը: Ինչու եք ուզում անձնական ինքնաթիռ ունենալ: Սկզբում կարող է թվալ, որ այն ճանապարհորդելու համար լավագույն միջոցն է, սակայն անտեղյակ եք, թե ինչ է իրականում թաքնված այդ շքեղության  ետևում: Իհարկե, դա չի նշանակում, որ ինքնաթիռ ձեռք բերելու երազանքը պետք է անիրական մնա: Սակայն, եթե այս հոդվածում ներկայացված բոլոր 15 պատճառների հետ ծանոթանալուց հետո շարունակեք սեփական ինքնաթիռի մասին երազել, ապա պետք է այն անպայման իրականություն դարձնեք: Սակայն, եթե կասկածներ կունենաք առաջին իսկ կետերից, ապա պետք է հասկանաք, որ դա Ձերը չէ: Այնպես որ, ամրացրեք ամրագոտիները և բռնվեք, մինչ մենք կանցկացնենք Ձեզ շքեղ երազանքների իրականության միջով:

Տեխնիկան չպետք է անգործության մատնվի

Նախ և առաջ, եկեք վերլուծենք Ձեր պատասխանը այն հարցին, թե ինչու եք ցանկանում մասնավոր ինքնաթիռ գնել: Բացի նրանից, որ ցանկանում եք շքեղության առարկայի տիրանալ, պետք է հասկանաք, թե դա իսկապես անհրաժեշտ է Ձեզ, թե ոչ: Ցանկացած տրանսպորտային միջոց առաջին հերթին ձեռք է բերվում փոխադրում իրականացնելու նպատակով՝ ուղղակիորեն Ա կետից Բ կետ տեղափոխման ունակության համար: Հետևաբար, եթե անհրաժեշտություն չունեք թռչելու աշխարհի հեռավոր կետեր  և որքան հնարավոր է արագ, ապա բիզնես-ինքնաթիռ ձեռք բերելու ցանկությունը ավելորդ է:

Եթե ​​պլանավորում եք օգտագործել այն առիթից առիթ, ապա ժամանակի մեծ մասը ինքնաթիռը կկանգնի ծածկի տակ: Այնուամենայնիվ, այն այդ նպատակով չի կառուցվել: Ինքնաթիռը պետք է թռչի:

Այս դեպքում ամենալավ տարբերակը, դա օդանավը վարձով տալն է, երբ այն չեք օգտագործում: Բայց կկարողանաք վստահել Ձեր ինքնաթիռը նրանց, ովքեր կվարձեն այն: Այդ մարդիկ կարող են վնասել բնական կաշվից պատրաստված բազկաթոռները, կամ խմիչք թափել և լաքաներ առաջացնել շքեղ գորգի վրա: Պատրաստ եք արդյոք հաղթահարել նման հետևանքները: Հետևաբար, եթե ստիպված չեք հաճախ մեծ հեռավորությունների թռիչքներ իրականցնել, ապա մասնավոր ինքնաթիռի կարիք չկա: Շքեղության մեջ առանց խնդրահարույց հետևանքների ընկղմվելու այլ տարբերակներ կան:  Շարունակեք կարդալ և կիմանաք ինչպես:

Նույնիսկ հարուստ և հայտնի մարդիկ նախընտրում են ինքնաթիռ վարձակալել

Այո, մենք բոլորս սիրում ենք ճանապարհորդել և ոչ մեկ չի ցանկանա հրաժարվել հարմարավետ թռիչքից: Սեփական ինքնաթիռ ունենալը նշանակում է, որ ստիպված չեք լինի տոմսեր գնել, անցնել նախաթռիչքային ստուգումներ, հերթերի մեջ կանգնել կամ սպասել մինչ բորտուղեկցորդուհին կսպասարկի այլ ուղևորներին:

Նայեք Ձեր շուրջը: Քանի մարդ է այսօր մասնավոր ինքնաթիռ  տնօրինում: Համեմատեք նրանց քանակը աշխարհի ներկայիս միլիոնատերերի քանակի հետ: Տեսնում եք, նույնիսկ հարուստներն ու հայտնիները նախընտրում են վարձակալել, այլ ոչ թե ձեռք բերել սեփական ինքնաթիռ: Ամենաբարձր վարձատրվող աստղերը, քաղաքական գործիչները և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդները չեն գնում ինքնաթիռներ, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց ապրելակերպը և գործունեության ոլորտը ենթադրում են մշտական տեղափոխություններ:  Նրանց համար ինքնաթիռի վարձակալությունը մնում է լավագույն տարբերակը:  Եվ դա ոչ թե նրանից է, որ նրանք չեն կարող իրենց թույլ տալ նման ծախսեր, պարզապես նրանք հասկանում են, որ ինքնաթիռի պահպանման ծախսերը ավելի թանկ կնստեն, քան ինքնաթիռի բուն արժեքը:  Ծախսերին կանդրադառնանք հաջորդ կետերում:

Ում հետ եք պատրաստվում ճանապարհորդել

Ի տարբերություն հոլիվուդյան աստղերի, դժվար թե շրջապատված լինեք նույնչափ հարուստ և հայտնի ընկերներով, իսկ երկարատև թռիչքները կարող են նույնիսկ հոգնեցուցիչ և ձանձրալի լինել առանց լավ ընկերակցության: Հատկապես, երբ սպառվել է հեռախոսի մարտկոցի լիցքը կամ ավարտել եք հետաքրքիր գիրքը: Նման իրավիճակները կարող են տխրեցնել, երբ դուք ճանապարհորդում եք միայնակ անձնական օդանավով: Ստիպված եք քնել ողջ թռիչքի ընթացքում ժամանակը կարճելու համար: Դա իսկապես կարող է ծիծաղելի թվալ: Նմանապես կարելի էր թռչել էկոնոմ դասով և դա ավելի էժան կնստեր:

Մասնավոր ինքնաթիռները, նույնիսկ ամենակոմպակտները ունեն ավելի քան մեկ նստատեղ: Այնպես որ, եթե աստղ չեք, ով ճանապարհորդում է իր մենեջերի, թիկնապահի և անձնական օգնականի հետ, հարկավոր չէ մի ամբողջ ինքնաթիռ ձեռք բերել միայն Ձեզ համար: Ճիշտ լուծում կարող է լինել չարթերային թռիչքի տոմսի ձեռք բերումը: Չվերթի դեպքում Ձեզ սպասվում է բարձր մակարդակի սպասարկում  և առավելագույն հարմարավետություն: Դուք չեք անհանգստանա այն մասին, որ ստիպված եք եղել ավելի շատ գումար ծախսել, քան հարկավոր էր: Եթե ​​ցանկանում եք հասնել շքեղության հաջորդ մակարդակին, ապա միշտ հնարավոր է մասնավոր ինքնաթիռ վարձակալել  և հաճելի ընկերակցությամբ թռչել աշխարհի ցանկացած վայր:

       

Ընկերների հետ ճամփորդելը ավելի թանկ կնստի

Ընթերցելով նախորդ պարբերությունը, հավանաբար, մտածեցիք, որ հաճելի կլիներ թռչել ընկերների հետ մասնավոր ինքնաթիռով: Իհարկե դա հաճելի է և միաժամանակ թանկ է նստում: Դուք իհարկե չեք ցանկանա, որ Ձեր ընկերները քաղցած մնան 6000 մ բարձրության վրա, իսկ այդ ամենը գումար արժե:

Մեկ այլ սցենարով նույնպես ստիպված կլինեք ծախսեր անել: Ենթադրենք հրավիրում եք մի քանի ընկերների մասնավոր ինքնաթիռով թռիչքի: Կառաջարկեք արդյոք նրանց կիսել ծախսերը: Եթե այո, ապա, հավանաբար, դա կլինի վերջին անգամը, երբ նրանք կհամաձայնեն թռչել Ձեզ հետ: Իսկ եթե ոչ, ուրեմն, ստիպված կլինեք փակել մասնավոր ինքնաթիռով Ձեր ընկերների հետ թռիչքի բոլոր ծախսերը և դա, իհարկե, ավելի թանկ կնստի:

Ի վերջո կորոշեք միայնակ թռչել, ինչը մեզ վերդարձնում է նախորդ կետին և այն հարցին, թե ինչու է պետք լավ մտածել մասնավոր ինքնաթիռ գնելու շուրջ:

Եթե ​​ չեք հավատում, կարող եք հարցնել Ֆորմուլա 1-ի աշխարհի քառակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, որն ունի մասնավոր ինքնաթիռ: Սակայն մյուս բոլոր մրցարշավորդները նախընտրում են վարձակալել բիզնես-ինքնաթիռ, այլ ոչ թե խնդրել Լյուիսին վերցնել իրենց իր հետ: Ինչու է այդպես: Մտածեք դրա մասին, իսկ մենք տեղափոխվենք հաջորդ կետ:

  

Երբևէ լսե՞լ եք շքեղության հարկի մասին

Ինչպես արդեն նշվել էր մասնավոր ինքնաթիռի պահպանման ծախսերը ավելին են քան բուն ինքնաթիռի գինը: Կան նաև այլ ծախսեր, որոնք ստիպված եք ինքներդ հոգալ: Այդպիսի ծախսերից է շքեղության հարկը, որը պաշտոնապես գործում է որոշ երկրների քաղաքացիների համար: Այսպիսով, եթե դուք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեքսիկայի կամ մի շարք այլ երկրների քաղաքացի եք, ապա ստիպված կլինեք շքեղության առարկաների համար հարկ վճարել: Այլ երկրների համար դա ժամանակի հարց է: Շքեղության հարկի դրույքաչափը տարբեր է աշխարհի տարբեր երկրներում, և, որպես կանոն, կազմում է շքեղ իրերի արժեքի 5-30% -ը:

Օրինակ պատկերացրեք Gulfstream G280 (2014) օգտագործված ինքնաթիռ եք ձեռք բերել 15 մլն դոլարով: Այս դեպքում ստիպված կլինեք լրացուցիչ 1.5 մլն դոլար վճարել 10% շքեղության հարկի տեսքով:

Բացի այդ, որոշ երկրներ, ինչպես օրինակ Իտալիան, կիրառում են շքեղության հարկը նույնիսկ այդ ինքնաթիռների ուղևորների համար: Այսպիսով, եթե թռչում եք Նյու Յորքից Հռոմ մասնավոր ինքնաթիռով, ապա ստիպված կլինեք լրացուցիչ 200 եվրո հարկ վճարել: Նույն գումարը պետք է վճարել նաև հետադարձ թռիչքի համար: Ընտրելով կանոնավոր թռիչք ուղևորները զերծ են մնում նմանատիպ ծախսերից:

Ապահովագրական ծախսեր

Բացի պարտադիր վճարման ենթակա հարկից, պետք է հոգ տանել նաև ինքնաթիռի ապահովագրության մասին: Փորձելով խնայել ապահովագրության վրա կարող եք արդյունքում մնալ առանց ոչինչի: Հատկապես դա վերաբերվում է շքեղության առարկաներին, ինչպիսիք են մասնավոր ինքնաթիռները: Ինքնաթիռի դեպքում ապահովագրությունը չափազանց կարևոր է: Կարող է թվալ, որ թռիչքը ինքնաթիռով ավելի քիչ ռիսկային է, քան սպորտային մեքենա վարելը, քանի որ թռիչքային կանոնները մի քանի անգամ ավելի խիստ են, քան ճանապարհային երթևեկության կանոնները: Սակայն, որևէ կանոն կամ պահանջ չի կարող ամբողջությամբ զերծ պահել վթարներից:

Ինչպես ցանկացած տրանսպորտային միջոցի դեպքում, ինքնաթիռի մասերը և դետալները նույնպես կարող են կոտրվել և անպիտան դառնալ: Ապահովագրությունը կծածկի անկանխատեսելի ծախսերը, որոնց համար Դուք չեք պատասխանատու: Բացի այդ, ցանկացած տրանսպորտային միջոցի նման, օդանավը նույնպես կարող է վթարի ենթարկվել: Ավիացիոն պատահարների դեպքում վնասները մի քանի անգամ ավելի մեծ են քան այլ տրանսպորտայն միջոցների դեպքում: Իսկ որքա՞ն է կազմում ինքնաթիռի ապահովագրության արժեքը: Ապահովագրական ընկերությունները միջինում գանձում են օդանավի կորպուսի արժեքի մոտ 0.3% -ը: Այսպիսով, 10 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի համար տարեկան ապահովագրությունը կկազմի 30 000 դոլար: Մի քիչ թանկ է, այնպես չէ՞: Այս գումարով կկարողանայիք ամեն տարի մի նոր լավ մեքենա գնել:

Տեխսպասարկման ծախսերը շատ բարձր են

Թանկարժեք սարքերը կարիք ունեն բացառիկ սպասարկման: Եվ, ցավոք, նման սպասարկումը ենթադրում է բարձր գին: Բայց դուք այլընտրանք չունեք: Պետք է պահպանել բիզնես-ինքնաթիռը լավագույն վիճակում, քանզի դժվար թե գտնվի որևէ մեկը, ով կցանկանա վտանգել իր կյանքը թռչելով անսարք օդանավով:

Հետևաբար, անհրաժեշտ է խստորեն պահպանել սպասարկման ժամանակացույցը: Սա հարկավոր է ոչ միայն Ձեր, այլ նաև այլ մարդկանց անվտանգությունը ապահովելու համար: Վերանորոգման և սպասարկման ժամանակացույցից շեղումը բերում է թռիչքի լիցենզիայի կորստին: Իսկ եթե ինքնաթիռը հնարավորություն չունի թռչելու, այն պարզապես դառնում է ավելորդ:

Եթե նույնիսկ օդանավը շատ հաճախ կամ ընդհանրապես չեք օգտագործում, նրա որոշ դետալներ, այնուամենայնիվ, վերանորոգման կամ փոխման կարիք են ունենում: Այո, դա պարտադիր է: Դրանցից որոշները պետք է փոխվեն եռամսյակային կտրվածքով: Բացի այդ, անհրաժեշտ է նաև ապահովել նախաթռիչքային և հետթռիչքային սպասարկում: Սա նշանակում է, որ ծախսեր կունենաք այնքան ժամանակ, քանի դեռ մասնավոր ինքնաթիռ եք տնօրինում:

Միջինում մասնավոր ինքնաթիռների սեփականատերերը տարեկան ծախսում են առնվազն 100 000 դոլար միայն տեխսպասարկման ծախսերը հոգալու համար: Այդ գումարը չի ներառում դետալների վերականգնման և լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման արժեքը, իսկ դրանք պետք է անպայման փոխել կամ վերանորոգել: Հակառակ դեպքում, Դուք կարող եք կորցնել Ձեր լիցենզիան, կամ, ինչն ավելի վատ է, Ձեր կյանքը:

Անձնակազմ

Եթե ​​Ձեզ թվում է, որ լավ վարորդ գտնելը շատ ժամանակ և ջանք է պահանջում, ապա լավ օդաչուի պարագայում խնդիրն մի քանի անգամ ավելի բարդ է: Եթե ինքնուրույն եք զբաղվում օդաչուի ընտրությամբ, ապա պետք է լավ հասկանանք բոլոր կարիքները կապված թռիչքի հետ: Մասնավորապես, անհրաժեշտ է ստուգել օդաչուի փորձառությունը, լիցենզիան, շրջապատը և հոգեկան վիճակը: Եվ սա սառցաբեկորի միայն վերին մասն է: Փորձառու օդաչուները շատ ավելի թանկ են, քան նորեկները: Եվ սա նշանակում է, որ մասնավոր ինքնաթիռի հետ կապված ծախսերը կրկին ավելանում են:

Որքան գումար կծախսեք օդաչուի և շտուրմանի վրա կախված է այն բանից, թե որքան հաճախ և հեռու եք թռչելու: Մասնավոր ինքնաթիռների հրամանատարները վաստակում են տարեկան մոտ 200 000 դոլար միայն մի երկրի սահմաններում և ժամանակացույցին համապատասխան թռիչքների պարագայում: Եթե ​​ փնտրում եք օդաչու, որը կվարի օդանավը ցանկացած ժամանակ և ցանկացած հեռավորության վրա, ապա պետք է հատկացնեք տարեկան 300 000 դոլար: Եվ եթե նախընտրում եք  թռիչքային անձնակազմ ունենալ, ապա ստիպված կլինեք վերը նշված ծախսերին ևս 50 000 դոլար ավելացնել:

Անհրաժեշտ է ստանալ բազմաթիվ թույլտվություններ և զբաղվել այլ թղթաբանական հարցերով

Եթե ​​մասնավոր ինքնաթիռը կարողանային կանգնեցնել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ապա նրանք կպահանջեյին տրամադրել փաստաթղթերի ավելի զգալի փաթեթ, քան ավտոմեքենայի դեպքում: Թռիչքների անվտանգության ապահովումը չափազանց կարևոր է: Յուրաքանչյուր երկիր լուրջ միջոցներ է ձեռնարկում օդային երթևեկության կանոնակարգման և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ահա թե ինչու, մեկ քաղաքից մյուսը թռչելը այնքան էլ հեշտ չէ, քան մեքենայով նույն հեռավորությունը հաղթահարելը:

Մասնավոր ​​ինքնաթիռ ունենալու համար վարորդական իրավունք հարկավոր չէ: Բայց, երբ թռիչք եք ծրագրում, այստեղ սկսվում են առաջ գալ թղթաբանական հարցեր: Լիցենզիա է հարկավոր ոչ միայն կապիտանին և շտուրմանին: Ավելի վաղ նշվել էր, որ բիզնես-ինքնաթիռը պետք է ունենա նաև թռիչքի թույլտվություն: Բայց դա ամենը չէ: Պետք է զբաղվել օդանավի կայանատեղու հարցերով: Եթե ​​դուք պատրաստվում եք լքել երկրի սահմանները, նույնպես պետք է թույլտվություն: Չպետք է մոռանալ օդանավի ապահովագրության մասին: Բացի այդ, օդանավի գրանցումը պարտադիր է:

Առանց այդ տվյալների հարմարավետ թռիչքների մասին Ձեր երազանքը կարող է րոպեների ընթացքում վերածվել բյուրոկրատական ​​մղձավանջի: Առանց դրանց Ձեզ սպասվում են հսկայական տուգանքներ և նույնիսկ ինքնաթիռի առգրավում:

Դա նույնը չէ, ինչ շքեղ սպորտային մեքենան

Եթե ​​մտածում եք Ձեր ունեցվածքը համալրելու և մարդկանց զարմացնելու համար անձնական ինքնաթիռ գնել, պարզապես այն պատճառով, որ սպորտային մեքենան արդեն բավարար չէ, մոռացեք դրա մասին: Հարևանները, որոնք անցնում են բաց ավտոտնակի կողքով, հնարավորություն ունեն հիանալու շքեղ մեքենայով, բայց միակ մարդիկ, որոնք կանցնեն օդանավի կայանատեղու կողքով, օդանավակայանի աշխատակիցներն են ու նրա անձնակազմը: Եթե ​​ինքնաթիռի մոտ սելֆի չանեք և սոցիալական ցանցերում դրա լուսանկարները չհրապարակեք, ապա անձնակազմը կմնա Ձեր միակ հանդիսատեսը:

Մասնավոր ինքնաթիռը չի պատճառում նույն հաճույքը, ինչ շքեղ մեքենան: Հարևանները, օրինակ, հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչպես եք վարում նոր Ferrari ավտոմեքենան, բայց նոր օդանավը դժվար թե նկատեն: Այնպես որ, եթե պարծենալու ցանկություն ունեք, ապա անձնական ինքնաթիռը այն չէ, ինչ իսկապես փնտրում եք: Գուցե  պարզապես հարկավոր է ավելի հեղինակավոր մեքենա ձեռք բերել: Պարտադիր չէ, որ այն շատ թանկ լինի, կարևորը իմիջն է: Եվ ընտրության համար կան շատ տարբերակներ: Օրինակ, ամենաարագ էլեկտրական մեքենան NIO EP9 – ը, որը արտադրվել է սահմանափակ քանակությամբ: Կամ կարող եք հազվագյուտ կամ վինտաժային Ferrari, Aston Martin կամ Porsche ավտոմեքենաների որս սկսեք, որոնց գինը աճուրդներում հասնում է մինչև 38 մլն դոլարի: Ընտրությունը Ձերն է:

Յուրաքանչյուր թռիչքի ինքնարժեքը

Այսպիսով, Դուք տեղեկացաք մասնավոր ինքնաթիռի տնօրինման ծախսերի հետ: Գաղափար կազմեցիք, թե որքան է պետք տարեկան ծախսել դրա պահպանման վրա: Իսկ հիմա ժամանակն է իմանալու, թե որքան կարժենա թռիչքը Ձեր ձեռքբերած ինքնաթիռով:

Օդանավերի շահագործման ամենամեծ ծախսը բաժին է ընկնում վառելիքին: Իհարկե, դրա սպառումը կախված է այն ինքնաթիռի տեսակից, որը ցանկանում եք ձեռք բերել: Ինչքան փոքր է և թեթև օդանավը, այնքան համեմատաբար ավելի քիչ վառելիք է այրում: Օրինակ, 8-տեղանոց Cessna Citation X ինքնաթիռը մեկ թռիչքային ժամի ընթացքում ծախսում է 1400 լիտր վառելիք, ինչը նշանակում է, որ միայն վառելիքի վրա պետք է ծախսեք 2000 դոլար յուրաքանչյուր ժամի համար: Նույնիսկ ավելի կոմպակտ 4-տեղանոց Cirrus Vision SF50 –ը  ծախսում է 700 դոլարի վառելիք մեկ թռիչքային ժամի համար: Այժմ եկեք համեմատենք այս ծախսերը առևտրային ավիաընկերությունների կողմից առաջարկվող կանոնավոր չվերթների ավիտոմսերի արժեքի հետ: Նյու Յորքից Վաշինգտոն երթուղու համար առաջին դասի տոմսի արժեքն է մոտ 400 դոլար: Դա գրեթե երկու անգամ ավելի էժան է նստում, քան եթե թռչեիք նույնիսկ ամենափոքր և ոչ այնքան շքեղ մասնավոր ինքնաթիռով:

Չօգտագործել ինքնաթիռը չի նշանակում ծախսեր չանել

Ավելի վաղ նշվել էր, որ ինքնաթիռը նախատեսված չէ միայն կայանատեղում կանգնելու համար: Ինքնաթիռը պետք է թռչի: Եթե ​​կարծում եք, որ ինքնաթիռը կանգնեցնելով և չօգտագործելով այն ծախսեր չեք ունենա, ապա սխալվում եք: Դուք, օրինակ, արդեն տեղյակ եք, որ որոշ դետալներ կախված թռիչքային ժամերի քանակից պետք է կանոնավոր կերպով փոխել: Այսպիսով, անկախ այն հանգամանքից երկնքում է մասնավոր ինքնաթիռը, թե ցամաքում կանգնած, այն շատ ծախսեր է պահանջում:

Նույնիսկ մինչ վերանորոգման կարիք առաջանալը, առաջինը Դուք, որպես տվյալ ինքնաթիռի սեփականատեր, պետք է հոգաք այն մասին, թե որտեղ է այն կանգնելու:  Եթե ​​ չունեք հսկայական կայանատեղի, որն անմիջապես կպած է թռիչքուղուն, ապա հարկավոր է վարձակալել տարածք օդանավակայանում ինքնաթիռների համար նախատեսված կայանատեղում: Որոշ օդային նավահանգիստներ առաջարկում են կայանատեղիներ բաց երկնքի տակ: Այն շատ ավելի էժան է, քան պետական կամ մասնավոր կայանատեղին, և ամսեկան կազմում է ընդամենը մոտ  50 դոլար: Բայց կարծում եք խելամիտ կլինի թողնել շքեղ ինքնաթիռը առանց համապատասխան պաշտպանության եղանակային պայմանների ազդեցության ներքո:

Կախված կայանատեղու չափսերից և նրա գտնվելու վայրից, վարձավճարը կարող է տարբեր լինել, բայց միջինում այն կազմում է ամսական մոտ 500 դոլար: Եվ դա ավելին է, քան միջին վիճակագրական եվրոպացին վճարում է իր և իր ընտանիքի համար տուն վարձակալելու համար:

Եթե ​​ համաշխարհային մասշտաբի աստղ չեք, դժվար կլինի վերավաճառել Ձեր ինքնաթիռը

Երբ սպորտային մեքենա եք գնում, իսկ հետո որոշում եք վաճառել այն, որպեսզի ավելի լավը գնեք, ապա դա խնդիր չէ: Եթե ​​տվյալ մեքենան լավ եք պահպանել, ապա հնարավոր կլինի այն լավ գնով վաճառել: Բայց երբ խոսքը վերաբերում է մասնավոր ինքնաթիռին, ապա այս դեպքում վերը նշվածը չի գործում:

Այո, հազվագյուտ ինքնաթիռը կարող է ավելի մեծ արժեք ունենալ, քան իր գնման գինը: Բայց դրա համար անհրաժեշտ է տասնամյակներով պահպանել այն և վճարել նրա սպասարկման համար: Իսկ լավ գիտեք արդեն, որ պահպանել ինքնաթիռը աշխատանքային վիճակում շատ թանկ է նստում: Այսպիսով, եթե չեք ծրագրում մի քանի տարի հոգ տանել Ձեր մասնավոր ինքնաթիռի մասին, մինչ այն կդառնա հազվագյուտ և կավելացնի իր արժեքը, ապա այս սցենարը Ձեր համար չէ:

Որոշ աստղեր և միլիարդատերեր հաջողությամբ վաճառում են իրենց մասնավոր ինքնաթիռները իրենց անվան շնորհիվ: Սակայն, ոչ հայտնի, թեև շատ հարուստ մարդիկ նման արտոնություն չունեն: Այսպիսով, Ձեր օդանավը կհամալրի վաճառքի հանված սովորական և օգտագործված ինքնաթիռների ցուցակը:

Ինքնաթիռի պահպանման ծախսերը անընդհատ աճում են և ի վերջո ստիպված կլինեք վաճառել ինքնաթիռը մեծ զեղչով: Ամեն դեպքում գումար կկորցնեք: Հարցը կայանում է հետևյալում. արդյոք շքեղ փոխադրամիջոցը արժե, որպեսզի անցնեք այս բոլոր դժվարությունների ու անհարմարությունների միջով:

Սա ներդրման եղանակ չէ

Մենք արդեն քննարկել ենք, թե որքան դժվար կարող է լինել օգտագործված մասնավոր ինքնաթիռի վաճառքը: Եվ դրա արժեքը, ամենայն հավանականությամբ, կնվազի գնման գնի հետ համեմատած: Հետևաբար, պետք է իմանաք, որ մասնավոր ինքնաթիռը ակտիվ չի հանդիսանում այս դեպքում, և դրա ձեռքբերումը ներդրում չէ:

Դուք, հավանաբար, ինչ-որ տեղ կարդացել եք այդպիսի ներդրումների մասին: Եկեք ճիշտ հասկանանք, ավիացիայում ներդրումները ենթադրում են հին օդանավի ձեռքբերում, վերանորոգում ավելի արժեքավոր ակտիվի վերածելու նպատակով: Այնուհետև կարող եք կամ վերավաճառել այն, կամ համալրել նրանով Ձեր հավաքածուն, կամ էլ կազմակերպել առևտրային չվերթներ: Սա արդեն ներդրում է: Սակայն ձեռք բերել մասնավոր ինքնաթիռ, որը ժամանակ առ ժամանակ միայն կօգտագործեք, իսկ հետո կվաճառեք քանի որ ձանձրացել եք դրանից, ապա այս դեպքում այն որպես ներդրում չի կարելի դիտարկել: Դուք անխուսափելիորեն գումարներ եք կորցնում: Եթե նույնիսկ Ձեզ հաջողվի այն ավելի թանկ վաճառել, քան գնել եք, ամեն դեպքում այդ գումարը չի ծածկի ինքնաթիռի շահագործման և պահպանման համար կատարած ծախսերը:

Եթե ունեք 10 միլիոն դոլար ավելի լավ է այդ միջոցները ներդնեք մեկ այլ ոլորտում, օրինակ, անշարժ գույքի մեջ: Հողի արժեքը շարունակում է աճել: Մի փոքր համբերություն և արդյունքում կկարողանաք բազմապատկել Ձեր կապիտալը:

Մասնավոր ինքնաթիռ կարող են իրենց թույլ տալ միայն շատ հաջողակ մարդիկ

Մասնավոր ինքնաթիռը դա շքեղություն է և ոչ բոլորը կարող են այն իրենց թույլ տալ: Նույնիսկ եթե ի վիճակի եք նման ծախսեր անելու, դա չի նշանակում, որ պետք է անպայման գնաք դրան: Մասնավոր ինքնաթիռի սեփականատերը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • Կարող է իրեն թույլ տալ գումարներ կորցնել (հարկերի, ապահովագրության, լիցենզիաների, սպասարկման և կայանատեղու վրա),
  • Կանոնավոր կերպով՝ առնվազն շաբաթը երկու անգամ, թռիչքներ է կատարում (ոչ միայն քաղաքների միջև, այլև հնարավորության դեպքում՝ միջմայրցամաքային թռիչքներ),
  • Պատրաստ է աշխատելու չնորմավորված գրաֆիկով (կանոնավոր թռիչքների ժամանակացույցը կարող է չհամընկնել նրա ուղևորությունների գրաֆիկի հետ),
  • Ցանկություն ունի աշխատելու փաստաթղթերի հետ (ոչ միայն վճարում է, այլև զբաղվում և պատասխանատու է դրանց համար),
  • Միշտ շրջապատված է մարդկանցով, քանի որ նա շատ կարևոր անձ է,
  • Չի կարող օդանավակայանում մենակ մնալ առանց թիկնապահների, քանի որ շատ հայտնի է (կա վտանգ, որ հարձակման կենթարկվի երկրպագուների կամ իրեն ատողների կողմից),
  • Բավականին հայտնի է, որպեսզի մարդիկ ուզենան նրանից ինչ-որ բան գնել:

Այսպիսով, եթե համապատասխանում եք այս չափանիշներին և դեռ ցանկանում եք գնել մասնավոր ինքնաթիռ՝ ուրեմն դիմեք մեզ: