Կահիրեն 360 մլն դոլար կհատկացնի երկրի օդանավակայանների անվտանգության և աէրոնավիգացիայի համակարգերի արդիականացման համար: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհին՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքի և Աֆրիկայի ավիաանվտանգությանը նվիրված տարածաշրջանային խորհրդաժողովի նախարարական հանդիպմանը, որն անցկացվում է Շարմ Էշ Շեյխում:

«Արդեն 60 մլն դոլար է ծախսվել այն օդանավակայանների անվտանգության համակարգերի զարգացման վրա, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին,- ասել է նա: -Եվս 300 միլիոնը կօգտագործվի աէրոնավիգացիոն համակարգերի արդիականացման համար, որն, ըստ պլանի, պետք է ավարտվի 2019 թվականին»: Նախարարի խոսքով՝ «ահաբեկչությունն ամենամեծ սպառնալիքն է, որին ներկայում բախվում է քաղաքացիական ավիացիան, ուստի անվտանգության ապահովումը տրանսպորտի բնագավառում գերակա ուղղություն է մնում պետությունների համար»:

Խորհրդաժողովին, որն օգոստոսի 24-ին ավարտում է իր աշխատանքը, մասնակցում են տարածաշրջանի 55 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի 27 նախարարներ, ինչպես նաև ավիացիոն իշխանությունների 35 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր թեման դարձել է տարածաշրջանում ավիաանվտանգության բարձրացման գործողությունների պլանի քննարկումը՝ մյուս երկրների առաջավոր փորձի ներդրմամբ: Անցյալ տարի համանման համաժողովն անցկացվել է Վինդհուքում (Նամիբիա), հաղորդել է ՏԱՍՍ-ը: