«Արմավիան» միտքը փոխե՞լ է. սնանկության փոխարեն՝ «առողջացման ծրագիր»

«Արմավիա» ավիաընկերությունը դեռ չի դիմել  դատարան սնանկացման գործընթացը սկսելու համար. ավելին` ընկերությունն «առողջացման» ծրագիր է ներկայացրել: Թե երբ և ինչու է ավիաընկերությունը փոխել որոշումը, «Արմավիայի» ներկայացուցիչներից պարզել  հնարավոր չեղավ:

Հանրային խորհրդում  այսօր «Արմավիայի» շուրջ ստեղծված քննարկման ժամանակ լրագրողներին բաժանվեց «Ավիափոխադրումների ոլորտի «առողջացման» և «Արմավիա» ավիաընկերության գործունեության վերականգնմանն ուղղված նվազագույն առաջնային պայմաններ» անվանումով մի փաստաթուղթ: Փաստորեն, ստացվեց, որ մարտի վերջին «Արմավիան» հայտարարում էր թռիչքների դադարեցման և սնանկացման մասին, իսկ հիմա մտադիր է առողջանալ: Լրագրողները հանդիպմանը ներկա «Արմավիայի» կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանից հետաքրքրվեցին, թե ինչու և երբ որոշումը փոխվեց: Լևոն Քարամյանը որևէ հստակ պատասխան չտվեց: ««Արմավիան» սնանկացման վերաբերյալ հայտ չի ներկայացրել դատարան, կներկայացնի՞, թե՞ ոչ՝ հայտնի չէ»,- ասաց Լևոն Քարամյանը: Նա նաև ասաց, որ Հանրային խորհուրդը խնդրել էր փաստաթուղթ, թե ինչ պայմաններում է հնարավոր «Արմավիայի» գործունեության վերականգնումը, իրենք ներկայացրել են այդ փաստաթուղթը: Լրագրողները փորձեցին հասկանալ՝ ՀԽ-ի համա՞ր են գրված այս առաջարկությունները, թե՞ «Արմավիան» իսկապես որոշել էր կառավարությանը դիմել նման առաջարկով: «Արմավիա» ավիաընկերության ինֆորմացիոն տեխնոլոգիաների բաժնի պետ Լևոն Ղազարյանը  հարցին այսպես պատասխանեց. «Մենք պատրաստ ենք աշխատելու, որպեսզի  Հայաստանում առհասարակ ավիացիան գոյություն ունենա»: 168.am-ի այն հարցին, թե երբ պարզ կլինի հանրության համար, թե  որ ճանապարհն է ընտրել «Արմավիան»` սնանկանա՞լ, թե՞ առողջանալ, Լևոն Քարամյանը պատասխանեց. «Մենք իրավասու չենք նման կարգի հարցերին պատասխանելու»: Նրանից չկարողացանք  պարզել նաև, թե ինչ է այս ամենի մասին մտածում «Արմավիայի» սեփականատեր  Միխայիլ Բաղդասարովը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ առաջարկները չէին անում մինչ այժմ: Լ. Քարամյանը պնդեց, որ այդ խնդիրները մշտապես  բարձրաձայնվել են, սակայն իրենց չեն ընդառաջել: Մեր այն դիտարկումը, թե  ՀԽ նախորդ քննարկման ժամանակ ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը հուսալի գործընկեր է, և չի կարող «Արմավիան» նշել մեկ դեպք, որ չեն ընդառաջել, «Արմավիայյի» կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն անարձագանք թողեց: Լևոն Քարամյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք «Արմավիան»՝ ինքը, վստահելի գործընկեր է կառավարության համար, որ նորից ցանկանում է մտնել շուկա: «Այո, ես կարծում եմ, որ կառավարությունը մեզ կաջակցի»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝  ասաց «Արմավիայի» կոմերցիոն տնօրենը: Նա նշեց նաև, որ այսօր Հանրային խորհրդում ներկայացված՝ «Արմավիայի» աշխատակիցների կողմից մշակված փաստաթղթի որոշ դրույթներ պարբերաբար ներկայացվել են կառավարությանը, սակայն այն ամբողջական տեսքով ներկայացվեց այսօր, և ՀԽ-ն առաջիկայում այն կներկայացնի կառավարությանը:

Читайте также  Եգիպտոսը հաստատել է ռուսական ինքնաթիռի կործանման փաստը. Reuters
Translate »