Ամենադժվարը, իհարկե, նախատեսված վայր հասնելն էր: Թռչում էինք Բանգկոկով, որտեղ մեզ դիմավորեց 40 աստիճան շոգը, այնուհետև մեկնեցինք Օքլենդ, իսկ հետո`Պալմերստոն: (Պետք է նշել, որ նրանք, ովքեր վատ են տանում թռիչքները, ավելի լավ է հրաժարվեն նման ուղևորությունից, քանի որ օդում մենք անցկացրինք ընդհանուր առմամբ ավելի քան 50 ժամ):  Հետաքրքիր է, որ Օքլենդը՝  Նոր Զելանդիայի տնտեսական մայրաքաղաքը, մեզ դիմավորեց ռուսերենով: Օդանավակայանի աշխատակիցը, որին մենք հարցով դիմեցինք, պարզվեց, որ մեր հայրենակիցն է:

Թռիչքը նորզելանդական ավիաուղիներով դեպի Պալմերստոն տևեց ևս մեկ ժամ:

Առաջին տպավորությունը երկրից և նրա բնակիչներից դուրս եկավ միանգամայն ճիշտ, որոնց կարելի նկարագրել մի քանի բառով՝ հոգատար, քաղաքավարի և բարի: Իսկ ինչ վերաբերվում է երկրի մաքրությանը, ապա այն ծայրից ծայր անցնելուց հետո ոչ մի տեղ աղբ չնկատեցինք: Ամեն ինչ լավ խնամված, գեղեցիկ ու մաքուր էր: Տները մեծ մասամբ մեկ հարկանի են, առանց որևէ ճարտարապետական ​​ավելորդությունների և շատ կոկիկ: Մենք այնտեղ էինք  աշնանը, որի վառ գույները լրացնում էին պատկերը: Ամփոփելով տպավորությունները, կասեմ ` ես երբեք որևէ այլ տեղ այսքան հարմարավետ ինձ չեմ զգացել:

Ի դեպ, այն, որ տեղացիները իսկապես հոգ են տանում իրենց յուրահատուկ բնության պահպանման մասին, պարզ դարձավ արդեն իսկ օդանավակայանում: Մաքսային ծառայության աշխատակիցները ուշադիր զննեցին մեր ուղեբեռը: Օղին, կարմիր խավիարը և շոկոլադը ձեռք չտվեցին, բայց որսորդական կոշիկների հետ կապված խնդիր առաջացավ: Դրանք շատ ուշադիր զննեցին, ապա նկատելով, որ տակացուների ծալքերի մեջ որոշ սերմեր, սպորներ, չոր ցեխ կա, երեքը վեց կոշիկներից վերցրեցին, մշակեցին տակացուները, դրեցին պոլիէթիլենային տոպրակի մեջ և նոր միայն վերադարձրին մեզ:

«Alpine Hunting Adventures» կացարանի մուտքի մոտ մեզ դիմավորեցին «Բարի գալուստ Լեոնիդ, Սերգեյ և Վալերիա» վահանակը և դրոշակաձողերի վրա ծածանվող  Ռուսաստանի և Նոր Զելանդիայի դրոշները: Իհարկե մենք Ռուսաստանից առաջին հյուրերը չէինք այնտեղ: Երկու տարի առաջ այլ ռուս որսորդներ նույնպես եկել էին այս կացարան:

Սենյակները բավականին համեստ էին, բայց կար անհրաժեշտ ամեն ինչ (ցնցուղ, զուգարան, մեծ մահճակալ, խալաթներ, զարթուցիչ, օգտակար մանրուքներ): Սպասարկումը բարձր մակարդակի վրա էր: Որսորդների հագուստները լվանում էին «ձայնի արագությամբ»: Հետաքրքիր է, որ սենյակները չէին կողպվում, սակայն ոչինչ չէր կորչում: Բոլոր զենքերը պահվում էին ավտոտնակում՝ մետաղական պահարանի մեջ: Միակ բանը, որը կողպված էր պահվում, դրանք փամփուշտներն էին:

Առկա էր 6 տեղանոց ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 3 ջիպ ավտոմեքենա և 6 կվադրոցիկլ: Ամեն ինչ ակտիվորեն օգտագործվում էր: «Cessna» ինքնաթիռով թռչում էինք կղզիից կղզի, ջիպ ավտոմեքենաներով դուրս էինք գալիս օդանավակայանից և գնում էքսկուրսիաների, «Polaris» կվադրոցիկլներով տեղափոխվում էինք որսորդական տնտեսություններով, իսկ ուղղաթիռները մեզ հասցնում էին լեռների գագաթներ՝ որսորդության:

Արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, բացի որսորդությունից, այս կամ այլ երկրի մշակութային ավանդույթներից, բնության գեղեցկությունից զատ, ինձ միշտ հետաքրքրում է այդ երկրներում որսորդական տնտեսությունների զարգացումը: Եվ ահա Շեյն Քուինի՝ որսի մեր կազմակերպչի հետ մենք շատ էինք զրուցում այն մասին, թե ինչպես են տարվում աշխատանքները որսորդական տնտեսություններում կենդանիների բուծման, որսորդների սպասարկման ուղղությամբ և այլն: Ճանապարհները լավ վիճակում են, անընդհատ կատարվում են դրանց բարելավման աշխատանքներ: Որոշ տեղերում գցված են ծառեր, որոնց  եղջերավոր անասունները քսում են իրենց եղջյուրները, կան թաքստոցի վայրեր, բաց դաշտեր: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Հարցին, թե որքան է կենդանիների քանակը որսորդական տնտեսություններում, Շեյնը պատասխանեց. «Հնարավոր է, մոտ 1200 գլուխ, բայց երբեք ոչ ոք ճշգրիտ հաշվարկ չի անցկացրել»:

Հինգ որսի մասնագետներ գալիս են ճամբար միայն սեզոնի ժամանակ, որը տևում է փետրվարից մինչև հուլիս: Բոլորը լիովին սպառազինված են: Նրանք  ունեն հեռադիտակներ, հեռաչափեր, դանակներ, եռոտանիներ հրացանի համար: Զենքերը սովորաբար իրենց հետ չեն տանում, միայն վայրի խոզի որսի ժամանակ են վերցնում վինչեստրը: Նրանց պարտականությունների մեջ է մտնում նաև ավարի բաժանումը:

Կա, իհարկե, այլ սպասարկող անձնակազմ: Ճամբարում միջավայրը շատ դեմոկրատական է, բայց միևնույն ժամանակ երևում է, որ հյուրերի շահերը առաջնահերթ են: Կացարանում առկա է տնտեսությունում բնակվող բոլոր տեսակի կենդանիների խրտվիլակների հավաքածու, որը նույնպես շատ հարմար է, քանի որ կարելի է նախապես ծանոթանալ նրանց հետ և քննարկել մասնագետների հետ նրանց որսի մանրամասները:

Ընկերներով եկել էինք որսի, այնպես որ ապրում էինք բավականին խիստ ռեժիմով: Արթնանում էինք լուսաբացին, նախաճաշում (ինչ ուզում ես ինքդ ես վերցնում սառնարանից) ու դուրս էինք գալիս: Իրականում, իմ մոտ զգացողություն կար, որ մենք ուտում էինք որսից ազատ ամբողջ ժամանակը: Վերադառնալուց հետո, մոտավորապես առավոտյան ժամը 10-ին, մեզ էին սպասում չիզքեյքն ու թեյը (ես սովորաբար փոխարինում էի դրանք ավոկադոյով և մի շիշ գարեջրով), կեսօրին՝ շվեդական սեղան առանց ալկոհոլի, իսկ հետո ևս մեկ փոքրիկ ընդմիջում (սենդվիչներ կամ տաք խորտիկներ գինու կամ այլ սպիրտային խմիչքների հետ միասին) և վերջապես ընթրիք՝ ժամը 19.00-ին: Այն ներառում էր որսի միս, բանջարեղեն, միրգ, քաղցրավենիք: Ինձ չհաջողվեց նիհարել: Սակայն, երկու բան բավականին զարմացրեց: Առաջին՝ որ նորզելանդացիները շատ քիչ հաց են ուտում, և երկրորդ՝ որ ոչխարի միսը մատուցում են բացառապես խաշած (ի դեպ, ոչխարների թիվը երկրում ավելի քան 40 մլն է):

Ինձ որպես որսորդի, իհարկե, ավելի հետաքրքիր էր Նոր Զելանդիայի ոչ թե խոհարարական, այլ որսորդական աշխարհը: Մայրցամաքներից հեռու լինելը և մեկուսացվածությունը աշխարհից նպաստել են յուրահատուկ կենդանական աշխարհի ստեղծմանը: Մինչդեռ մոտ հազար տարի առաջ այստեղ գրեթե ամբողջությամբ բացակայում էին կաթնասունները:

Այնուհետև, առաջին բնակիչների հետ միաժամանակ կղզիներում հայտնվեցին առնետներ ու շներ: Եվրոպայից եկողները իրենց հետ բերեցին կովեր, այծեր, մկներ, խոզեր և կատուներ:

Ինչ վերաբերվում է որսի կենդանիների այսօրվա ցուցակին, ապա այն բավական տպավորիչ է: Ես հասցրեցի գրեթե բոլոր տեսակի կենդանիների որս անել (բացառությամբ նապաստակի և փոքրիկ կենգուրու՝վալլաբիի) և կարող եմ առանձնացնել որսորդության 5 տեսակ:

Հիմնականը, իհարկե, եղջերուների որսն էր Հյուսիսային կղզու հյուսիսային մասում: Այնտեղ կան եղջերուների տարբեր տեսակներ, վայրի այծեր, ոչխարներ և վարազներ: Առավոտյան կվադրոցիկլով դուրս էինք գալիս, բարձրանում բարձր տեղ և հեռադիտակով սկսում ուսումնասիրել շրջակա տարածքը: Եվ այն կարող էր տևել մի ժամից մինչև անսահմանություն: Այն բանից հետո, երբ կենդանին հայտնաբերվում էր (այն պետք է լինի առնվազն 5 տարեկան), սկսվում էր նրա հետապնդումը օգտագործելով տեղանքի առանձնահատկությունները և հաշվի առնելով քամու ուղղությունը: Հիմնական խնդիրը կրակելու համար հարմար դիրք գտնելն էր: Առավելագույն հեռավորությունը, որից ես կրակել եմ, եղել է 394 մ, իսկ նվազագույնը` 25 մ (անտառում):

Վարազի որսը կազմակերպվել է հետևյալ կերպ: Որսորդական տնտեսություն եկավ որսի մասնագետը երեք շների հետ, որոնք ունեին ռադիո վզկապներ: Որսորդի հետ միասին ուղղվեցինք դեպի անտառ:

Փնտրում էինք վարազների հետքերը, գտնելով, շներին բաց էինք թողնում և սպասում: Շեղել վարազին իր խմբից նրանց հաջողվեց միայն երրորդ փորձից: Շները շրջապատեցին նրան մացառներում: Սակայն երկար պահել նրան չկարողացան, այնպես որ պետք է կրակ էինք:

Ամենատպավորիչը վայրի լեռնային այծերի որսն էր:

Մենք մի քանի օր սպասում էինք հարմար եղանակի, ապա 3 ժամ ինքնաքիռով թռչելուց հետո տեղ հասանք:

Նախքան մեկնելը մեզ բացատրեցին, թե ինչպես մեզ պետք է պահենք ուղղաթիռում, ինչպես դուրս գանք կամ ներս մտնենք, ինչպես պտուտակի տակ չնկնենք և այլ օգտակար բաներ: Երբ հասանք լեռներ, ես հասկացա, որ «տեսական մասը» լիովին արդարացված էր: Մեզ շրջապատեցին սակավ բուսականությամբ ուղղաբերձ ժայռերը:

Կենդանիների պակաս չկար, ուստի հիմնական խնդիրը արժանի նմուշ գտնելն էր: Կենդանու որոնման վրա ծախսվող թռիչքի ժամանակը տատանվում էր 10 րոպեից մինչև մեկուկես ժամ: Այնուհետև որսի մասնագետը պետք է տար իր գնահատականը: Եթե ​​դրանք լավն էին կամ շատ լավը, որսի մասնագետը օդաչուին իջնելու հրահանգ է տալիս: Ուղղաթիռը մոտենում էր լանջերին և մոտ կես մետր բարձրության վրա որսորդը պետք է արագ ցատկեր նրա միջից, երկու քայլ աներ ուղղաթիռից և պառկեր գետնին: Ուղղաթիռը թռչում է և սկսում ենք զգուշորեն մոտենալ կենդանուն, իսկ կսպասի վերջինս քեզ, թե՝ ոչ, բախտի բան է:

Այն բանից հետո, երբ նորզելանդական որսի կենդանիների ցանկը լրացրի, կանադական սև սագի և կարապի որսի առաջարկ ստացա:

Իհարկե, եթե լրացուցիչ ժամանակ ունեք, Նոր Զելանդիայում կան շատ գեղեցիկ վայրեր, որոնք կցանկանաք այցելել: Երկիրը հայտնի է իր զարմանահրաշ բնությունով: Այստեղ կգտնեք գեյզերներ, լեռներ, լճեր, անտառներ, սառցադաշտեր, քարանձավներ և լողափեր: Թվարկվածներից որոշները այցելել են ընկերներս, որոնք որսով այնքան էլ հետաքրքրված չէին:

Նրանք եղան Ռոտոռուա քաղաքում,  որը հայտնի է իր տաք աղբյուրներով, ինչպես նաև այցելեցին Նոր Զելանդիայի ամենամեծ լիճը` Տաուպոն, որը գտնվում է հրաբխային բարձրավանդակի սրտում:

Եզրափակելով, կցանկանայի մի քանի խորհուրդ տալ նրանց, ովքեր որոշել են որսի գնալ Նոր Զելանդիա: Վերցրեք Ձեզ հետ հեռադիտակներ, ծնկակալներ, փոխանցիչներ եվրոպական խրոցների համար, անձրևապաշտպան թիկնոցներ: Չի խանգարի նաև գրպանի բառարանը: